(Գրախոսական՝ Ասիֆ Կապադիայի «էմի» ֆիլմի)
Հայաստանում կինոթատրոնի ֆիլմացանկում վավերագրություն ներառելը համարվում է ոչ եկամտաբեր: Իսկ ինչի՞ հետ է ասոցացվում վավերագրական կինո արտահայտությունը հայ հասարակության շրջանում. Լավագույն դեպքում՝ արխիվային նյութի օգտագործում կյանքի տարբեր տարիներին հերոսի մտերիմների և ազգականների հետ հարցազրույցներ, պատմվող նյութի՝ ժամանակագրական տրամաբանությամբ դասավորվածություն, խոսող անձանց ենթագրեր: Սրանք նաև այն պարզ մեթոդներն են որոնք առաջինն են անցնում վավերագրական ֆիլմ նկարահանել պատրաստվող ռեժիսորի մտքով: Որոշ դեպքերում հեղինակներն ավելի շատ են մտածում և գտնում են պատմությունը գեղարվեստականորեն ճիշտ շարադրելու լուծումներ, ինչը խոսում է նրանց վարպետության մասին: Սակայն մի դեպքում վավերագրությունը կարող է կառուցված լինել գրագետ մոնտաժի, վառ արտահայտված գեղարվեստականությամբ լի կադրերի, ստեղծագործականությամբ աչքի ընկնող սցենարի հիմքի վրա ու պատմության գիրկն անցնել որպես հերթական, կինոդիտողի հետ երկխոսություն չառաջացնող ֆիլմ, իսկ, օրինակ, Ասիֆ Կապադիայի «էմի» ֆիլմում ռեժիսորն օգտագործելով հոդվածի սկզբում թվարկված պարզունակ թվացող լուծումները՝ հաջողել է կինոդիտողի հետ հաղորդակցության մեջ մտնող, նրան հուզող, պրոտագոնիստի հետ ապրումակցել ստիպող կենսագրական վավերաֆիլմ: Այս ֆենոմենն է, որ բնորոշվում է «արվեստ» բառով, ինչի շուրջ բանավիճում ու խորհրհում են աշխարհի տարբեր ծայրերում հարյուրամյակներ շարունակ:
Երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի պատմությունը բացող ֆիլմում հեղինակին հաջողվել է հավաքել նրա մանկության, պատանեկության և երիտասարդության տարիներին ընտանեկան, ընկերական ու լրագրողական տեսագրությունները: Սրանց ուղղակի միացումը գեղարվեստական գործ չէր դառնա, որքան էլ որպես ինքնուրույն բաղադրիչ հետաքրքիր են: Դրա համար օգնության են հասնում արտիստի պահպանված ձայնագրություններն ու այդ արխիվային տեսանյութերում երևացող անձիք, ովքեր տարիների հեռավորությունից պատմում են այդ ժամանակահատվածում հերոսի ներաշխարհի, հուզումների, ուրախությունների ու խնդիրների մասին. ստեղծվում է տեսա-լսողական նյութի միաձուլում, երբ պատկերն ու ձայնն իրարից անկախ արխիվային, փաստաթղթային բնույթ կունենային, իսկ միասին՝ դառնում են անխոցելի կառույց: Պարզության ձգտող այս ֆիլմի ոճին համահունչ է գործածված նոր տարածքների հետ ծանոթացման մեթոդը՝ հասցեական կադրերը ստացվում են թռչող սարքից նկարահանման եղանակով: Սա իր ներքին ձևով, հերոսուհու խնդիրների շուրջ զրույցների հետ միասին ծառայում է ֆիլմի դրամատուրգիական հանգուցալուծմանը՝ մահվանը, ինչը շատերի մոտ ասոցացվում է երկրից կտվելու, դեպի երկինք բարձրանալու, միջավայրը վերևից տեսնելու միստիկ երևույթների հետ: Ֆիլմի դրամատուրգիական տրամաբանությունը նման է սահուն ընթացքով աշխատող սրտագրական սարքի հետագծին, որը ժամանակ առ ժաաանակ դուրս է գալիս նորմայից՝ ստեղծելով շոկային իրավիճակներ դիտողի համար: Ֆիլմի սկզբից մասնակցում ենք երգչուհու կյանքի ինտիմ ու նվիրական հատվածներին որպես ականատես, և վերջում, իմանալով չարագույժ լուրը, նորից հուզվում ենք: Չնայած բոլոր ներկաներն այդ լուրը գիտեին մինչև կինոդահլիճ մտնելը, սակայն սա այն հուզմունքը չէ, որ կարող է առաջանալ շարքային քաղաքացու մեջ լուրերի թողարկմամբ նման նորություն լսելիս. մասնակից լինելով Էմիի կյանքի մանրամասներին, տեսնելով, որ նա էկրանից մեզ ոչինչ չի թաքցնում կամ կեղծում՝ հարազատ-բարեկամական կապի զգացողություն է առաջանում:
Հարազատության զգացողության պատճառը կապված է նաև հեղինակի համրձակության հետ: Այդ համարձակությունն է, որ թույլ է տալիս նրան կինոդիտողին բերելու դահլիճ և հենց սկզբում մեծ էկրանին ցույց տալ վատ որակով նկարված ընտանեկան արխիվի կադրեր: Մեր աչքի առաջ տանը ընկերների համար երգող պարմանուհին աճում է, զարգանում, դառնում պահանջված ու սիրված արտիստ, այնքան, որ Թոնի Բենեթը սիրով է տանում նրա կամակորությունները: Դա այն զարգացումն է, որ տանում է դեպի կործանում: Ֆիլմի ընթացքում դիտողի ենթագիտակցական տագնապն ու որևէ բան փոխելու անկարողության զգացումը միաժամանակ են լցվում՝ հասնելով զգայական սանդղակի վերին խազերին: Այդ կործանման մասին տեղյակ է կինոդիտողը, այդ մասին տեղյակ չէ հերոսուհին, բայց ֆիլմի վերջում երկու կողմի ցանկությունները նույնանում են՝ երկուսն էլ չեն ուզում նման ավարտ: Այս ողբերգականության մեջ նկատվում է նաև բրիտանական ինքնահեգնող հումորը. կինոստեղծողները, ֆիլմում երևացող կերպարների նման, ազատ են պաթոսային վերաբերմունքից ու բարդույթներից:
Երևանյան ցուցադրությունները, որոնց ժամանակ դահլիճը լեփ լեցուն էր, կինոսերների մի խումբ էլ ֆիլմը մինչև վերջ դիտեց կանգնած՝ թույլ են տալիս մի շարք հետևություններ անել թե հայ կինոդիտողի պահանջի, թե համաշխարհային կինոյի միտումների մասին: Իհարկե, ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրությունն անմիջականորեն կապված էր նաև գլխավոր հերոսի անձի սկանդալայնության ու սիրվածության հետ, սակայ 125 րոպե կինոդիտողին դահլիճում պահել այնպես, որ չձանձրանա՝ հնարավոր է միայն ռեժիսորի ու գլխավոր հերոի (տվյալ դեպքում նրա մասնակցությամբ նյութերի) փոխըմբռնման, համերաշխության, ինչու ոչ՝ սիրո առկայության դեպքում: Արվեստը՝ գեղեցիկ պատկերացում է առարկայի մասին, և ֆիլմում հհստակ է եղինակի սերը երգչուհու անձի նկատմամբ, նաև ափսոսանքն ու ցավը առ նրա ողբերգական ճակատագիրը: Երգչուհու բարեհաճ վերաբերմունքի ապացույցն էլ հենց ֆիլմի հաջողվածության փաստն է. թեկուզ այլ աշխարհից, որտեղ ապրում է նա իր երգերը սիրողների համար՝ Էմին համաձայնել է մտնել նոր խաղի մեջ, որն իրականում սկսել էին իր ընկերները պատանեկան տարիքում՝ իրար տեսագրելով:
Պնդումները, թե ժամանակակից փոփոխվող աշխարհում, երբ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, վավերագրական ֆիլմը պետք է լինի հնարավորինս կարճ՝ կինոդիտողին կեսից չկորցնելու համար՝ հերքվում են: Հատկապես այն պատճառով, որ մուտքոն ազատ էր և կինոդիտողը կեսից դուրս գալու դեպքում չէր ափսոսա իր վճարած գումարը: Կինոդիտողին (հատկապես հայ) վաերագրական ֆիլմով կինոթատրոն բերելու անհնարինությունը ևս ժխտվեց: Այն, ինչ ուզում է հայ կինոսերը վավերագրության հեղինակներից՝ անկեղծությունն է ու հեռուստատեսային հաղորդումներին բնորոշ «բնականության կեղծ շղարշով» չփաթաթված, էսթետիկային կուլ չգնացած, իրականություն ցուցադրող կինոն, որում հեղինակի մոտեցումից կախված, նույնիսկ կեղտոտ պատը, թափթփված սենյակը կամ կենսաբանական պահանջների բավարարման տեսարանը ընկալվում է որպես գեղարվեստական տարր:
«Էմի» ֆիլմի պարագայում մենք գործ ունենք երկկողմանի գործընթացի հետ: Մի կողմից ֆիլմը հանդիսատես է հավաքում իր պատմականության, թեմայի յուրահատյության, հրոսի հանրահայտության շնորհիվ, և նրանց դահլիճում երկու ժամից ավելի պահում հետաքրքիր, գրագետ ու անկեղծ աշխատանքի արդյունքում: Մյուս կողմից՝ վավերագրական կինոյի մասին հարցազրուցային, ռեպորտաժային ոճի հեռուստաֆիլմերից կարծիք կազմած մարդուն բերում է կինոթատրոն, ցույց տալիս կինոյի իսկական բնույթը, հուզում, ինչի արդյունքում շատանում են վավերագրական կինոյով հետաքրքրված անձիք: Նմանատիպ հատուկենտ օրինակների շատացման արդյունքում վավերագրական կինոն կարող է Հայաստանում ձևավորել իր լսարանն ու առաջացնել կինոթատրոնային պահանջարկ:
Սեգ Կիրակոսյան
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի գրախոսականների մրցույթի գլխավոր մրցանակ