Հրապարակվել է «Visible Evidence» վավերագրական կինոյին նվիրված միջազգային 30-րդ գիտաժողովի ծրագիրը: Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի գիտաժողովին կմասնակցեն նաև ես՝ վավերագրական կինոյի էսթետիկայի վերաբերյալ ներկայացմամբ:
Visible Evidence-ի հոբելյանական հանդիպումը 2024 թվականի դեկտեմբերի 17-ից 20-ը հյուրընկալելու է Մոնաշի համալսարանի (Մելբուրն, Ավստրալիա) մեդիայի, կինոյի և լրագրության դպրոցը՝ ACMI Ավստրալիայի Էկրանային մշակույթի ազգային թանգարանի հետ համագործակցությամբ: Գիտաժողովը, որը հայտնի է իր միջդիսցիպլինար բնույթով, ունենալու է մասնակիցներ ամբողջ աշխարհից, ներառյալ գիտնականներ և հետազոտողներ Քեմբրիջի, Հարվարդի, Սան Պաուլոյի, Յորքի, Էդինբուրգի, Սիդնեյի, Ամստերդամի, Տոկիոյի արտաքին հետազոտությունների համալսարաններից, UCLA-ից և այլ կրթական-հետազոտական կենտրոններից։ Այս տարվա միջոցառման հետաքրքրության շրջանակում են վավերագրական ֆիլմերի հասարակական ազդեցությունները, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը, էթիկական նկատառումները, նորարարական մեթոդները, և այլ թեմաներ:
Համաժողովի թեման է «Ապակենտրոնացնելով վավերագրությունը. նոր տեսլականներ և հեռանկարներ», որը նպատակ ունի քննարկման առարկա դարձնել վավերագրական կինոարտադրության և տեսության ավանդական մոտեցումները։ Գիտաժողովի առաջնահերթություններից մեկը կինոյի ապագաղությացման խնդիրն է, որին համահունչ է իմ գիտական հրապարակման բնույթը։ Մասնավորապես, իմ ուսումնասիրությունը հիմնված է հայկական և լյուքսեմբուրգյան վավերագրական ֆիլմերի վերլուծության վրա։
- Իմ մասնակցության մասին
Գիտաժողովում ներկայացնելու եմ Լյուքսեմբուրգի համալսարանը՝ «Վավերագրական կինոյի ավանդական գեղագիտական նորմերի վերաիմաստավորում՝ դրամատուրգիական կառուցվածքում և պատումի մեթոդներում փորձարկումների և նորարարությունների միջոցով» հոդվածով:
Այս աշխատանքիս հիմնական դրույթներից մեկն այն է, որ անհրաժեշտություն կա վերանայելու վավերագրական կինոյի գեղագիտականությունը քննարկող ավանդական սկզբունքները, հատկապես, երբ խոսքը վավերագրական կինոյի հնարավոր նոր տեսակի՝ ինտերակտիվ վավերագրության մասին է: Այս տեսակը դուրս է Բիլ Նիկոլսի վավերագրական կինոյի վեց տեսակներից: Սույն հոդվածի նպատակով իմ կատարած գիտափորձի անհրաժեշտությունը հատկապես պայմանավորված է տեսալսողական տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ առաջընթացով, որը նոր հնարավորություններ կարող է ապահովել կինոդիտողի մասնակցության և պատմողական դինամիկ կառույցների տեսանկյունից:
- Շնորհակալության նշում
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Լյուքսեմբուրգի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների դոկտորական դպրոցին (DSHSS) ֆինանսական աջակցության համար, որի շնորհիվ կարող եմ մասնալցելու միջազգային այս գիտաժողովին Ավստրալիայում:
Երախտապարտ եմ Լյուքսեմբուրգի համալսարանի իմ գիտական ղեկավար դոկտոր Ջիան Մարիա Տորեին:
Նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում դոկտոր Սիրանուշ Գալստյանին, ով իմ գիտական ղեկավարն էր Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի ասպիրանտուրայում (2013-2016թթ.): Նրա ներդրումն իմ տեսական գիտելիքների ձեռք բերման հարցում անգնահատելի է:
Visible Evidence-ի մասին
Ստեղծված լինելով 30 տարի առաջ ականավոր ամերիկացի գիտնական Մայքլ Ռենովի կողմից (Հարավային Կալիֆորնիայի համալսարան)՝ Ջեյն Գեյնսի, Բիլ Նիկոլսի, Բրայան Ուինստոյի հետ համատեղ՝ «Visible Evidence»-ը դարձել է համաշխարհային վավերագրական կինոյի ուսումնասիրության կարևորագույն հարթակը: Visible Evidence առաջին գիտաժովովը կայացել է Դյուկի համալսարանում 1993-ին: Վերջին տասնակմյակում անցկացված հանդիպումներից են եղել գիտաժողովները Նյու Յորքում, ԱՄՆ (2011), Կանբերայում, Ավստրալիա (2012), Ստոկհոլմում, Շվեդիա (2013), Նյու Դելիում, Հնդկաստան (2014), Տորոնտո, Կանադա (2015), Բոզման, ԱՄՆ (2016), Բուենոս Այրես, Արգենտինա (2017), Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ (2018), Գդանսկ, Լեհաստան (2022), Ուդինե, Իտալիա (2023):
Սեգ Կիրակոսյան
Լյուքսեմբուրգի համալսարանի դոկտորատուրայի ուսանող